Կենսագրություն




Հայկական հետխորհրդային արվեստը արդեն իսկ անցել է երեք փուլով, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել հակասովետականի, պոստմոդերնիստականի և սոցիալ – քաղաքականի:

Այդ երրորդ փուլը կարելի է բնութագրել որպես շրջադարձ դեպի արվեստագետի ակտիվ մասնակցություն սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական բախումներին, երբ արվեստագետները քննադատական մոտեցում ունեն արվեստի հաստատություններին և ձգտում են գործել նրանցից դուրս:

Կարեն Օհանյանը այս փուլի առանցքային արվեստագետներից է: Նրա ստեղծագործական սկզբունքներն են՝ մասնակցությունը, տրանսգրեսիվ ակտիվությունը, որի համար նա ստացել է Shiz նիկնեյմը, քաղաքական սկզբունքայնությունը և ֆրոնտալ, ֆակտուալ ռեալիզմի էսթետիկան, ըստ իր բնորոշուման:

Կարեն Օհանյանը քաղաքական ընթացքներին որպես ակտիվիստ սկսեց մասնակցել հատկապես 2003 թվականին ՝ հայտնվելով ցուցարարների և ոստիկանության բախումների ավանգարդում:

2008թ. Մարտի 1 խաղաղ ցույցերը ճնշելու ժամանակ կոռումպացված ռեժիմի զոհ դարձան տաս քաղաքացի: Այդ պահից սկսած, լինելով գաղափարական անարխիստ, նա ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր նշանակալի քաղաքական ակցիաների:

Կարեն Օհանյանը ստեղծագործում է երկու մեդիաներում ՝ ակցիոնիզմ և գեղանկարչությունում, որտեղ նա փոխադրում է ակցիոնիզմի իր փորձը, իսկ գեղանկարչությունից ակցիոնիզմ է փոխադրել իրականության իր քննադատական մոտեցումը: Կարեն Օհանյանը 2007 թվականից հանդիսանում է «Արտ լաբորատորիա» քաղաքական արվեստի խմբի հիմնադիր անդամ: Արտ լաբորատորիան քաղաքական ակտիվիստական խումբ է, որի կարևորագույն սկզբունքներն են կոլեկտիվիզմը, ինքնակազմակերպումը և նոր հանրույթների ստեղծումը:

Կարեն Օհանյանի համար իդեալ է հանդիսանում Փարիզի կոմունայի սոցիալական ռեալիստ Գուստավ Կուրբեն: Այդ պատճառով արվեստի առումով Կարեն Օհանյանի համար առավել կարևոր է գեղանկարչական մեդիան, որպես զանգվածային կապիտալիստական մշակույթին հակազդելու միջոց:

Չնայած գեղանկարչությունը ավանդական մեդիա է, սակայն այն քաղաքականացվելու մեծ պոտենցիալ ունի, որովհետև, ի տարբերություն էլեկտրոնային մեդիաների, այն դուրս է տարաբնույթ հսկողության մեխանիզմներից: Քաղաքական գեղանկարչությունը ընդունակ է արձանագրել անվերահսկելին և տրանսգրեսիվը, այն փաստը, որ հաճախ մնում է անտեսանելի: Գեղանկարչության այդ հնարավորությունն է օգտագործում Կարեն Օհանյանը իր վարպետորեն արված կտավներում:

Վարդան Ջալոյան